Սուրբ Էջմիածնի Մատենադարանի արմատները հասնում են խոր միջնադար:
Ղազար Փարպեցու վկայությունից («Թուղթ առ Վահան Մամիկոնեան») տեղեկանում ենք, որ դեռևս Ե դարում Վաղարշապատում եղել է մատենադարան, որտեղ պահվել են ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով մատյաններ: Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ գոյություն է ունեցել որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսարանին կից մայր գրատուն:
Մայր Աթոռի Մատենադարանն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները լիարյուն կյանքով սկսել են ապրել 1441 թվականից, երբ Հայրապետական Աթոռը Սսից վերահաստատվել է Ս․ Էջմիածնում: Վերջին իրողությունը նպաստել է գրչության արվեստի առավել զարգացմանը (ԺԵ–ԺԶ դդ. ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր):
Փիլիպոս Ա Աղբակեցի (1633–1655 թթ.) և Հակոբ Դ Ջուղայեցի (1655–1680 թթ.) կաթողիկոսների աթոռակալության տարիներին Ս. Էջմիածինը հարստացել է բազմաթիվ ու բազմապիսի ձեռագրերով: Այդ շրջանում Վաղարշապատի Մատենադարանն արդեն կազմավորված հաստատություն էր և ուներ իր հատուկ «գրքապանը», այսօրվա ըմբռնմամբ՝ մատենադարանապետը:
Հաջորդ հարյուր տարիներն ինչպես հայոց պատմության, այնպես էլ մայրավանքի ու նրա մատենադարանի պատմության ամենամռայլ ժամանակներից էին. թուրք-պարսկական ավերիչ պատերազմները, ավարառությունները, այնուհետև ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները մայրավանքի գրատունը հասցրել էին քայքայման եզրին:
Բարեբախտաբար 1828 թ. հետո Ս. Էջմիածնի Մատենադարանի ձեռագրական հավաքածուների հարստացման նոր ժամանակաշրջան է սկսվում:
Հետագայում Մատենադարանը հիմնականում համալրվել է տարբեր խմբագրություններից, հրատարակչական ընկերություններից, անհատներից, գիտակրթական և հասարակական կառույցներից պարբերաբար ստացվող գրքերով:
1917 թ. վերջին Մայր Աթոռի Մատենադարանի հայալեզու և օտարալեզու տպագիր գրականության թիվն ավելի քան 20 հազար էր: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման նախօրեին Ս. Էջմիածնի Մատենադարանի ձեռագրական հավաքածուներում արդեն կար 6419 ձեռագիր. 6137-ը՝ հայերեն, 282-ը՝ արաբատառ:
1920 թ. դեկտեմբերի 17-ին ՀԽՍՀ հեղկոմի դեկրետով մշակութային բոլոր հիմնարկությունների հետ պետականացվում է նաև Ս. Էջմիածնի Մատենադարանը՝ հանձնվելով Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի տնօրինությանը: 1921 թ. փետրվարի 5-ի հրամանագրով Էջմիածնի կրթամշակութային հաստատությունների (Մատենադարան, թանգարան, տպարան և այլն) պետականացված ցանցի հիման վրա ստեղծվում է Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտը՝ առաջին գիտական հաստատությունը:
1930 թ. Ստալինի հրամանով գրադարանի հավաքածուն բաժանվում է պետական տարբեր հաստատությունների միջև: 1939 թ. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը Ս. Էջմիածնից տեղափոխվում է մայրաքաղաք՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի նորակառույց շենք, իսկ 1959 թ.՝ նոր շենք:
2000 թ. հունիսի 26-ին Վազգեն Ա և Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետների անձնական գրադարանների հիմքի վրա, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևողական ջանքերի շնորհիվ, բացվում է «Գարեգին Ա» աստվածաբանական և հայագիտական գիտական կենտրոնը՝ իր արժեքավոր գրադարանով։
Սուրբ Էջմիածնի Մատենադարանի համար պատմական հաջորդ կարևորագույն փուլի սկսվեց 2007 թ. օգոստոսի 25-ից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Մայր Աթոռի տարածքում տեղադրված հիշատակման քարը, որտեղ հետագայում կառուցվեց այսօրվա Մատենադարանը: Վերջինիս հիմնարկեքը կատարվել է 2009 թ. սեպտեմբերի 22-ին: Շատ կարճ ժամանակամիջոցում Մայր Աթոռում վեր խոյացավ Մատենադարանի նոր շենքը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ. հոկտեմբերի 18-ին: Մատենադարանը՝ ի գնահատություն եկեղեցասեր և հայրենանվեր բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին՝ Վաչե և Թամար Մանուկյանների՝ կոչվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան:
Մատենադարանի ճարտարապետն է տիար Արտակ Ղուլյանը, որը շենքի ճարտարապետական լուծումները տվել է՝ համակցելով ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը: Նոր Մատենադարանը տեղակայված է երբեմնի աստղադիտարանի շենքի տեղում՝ Բաց խորանի հրապարակի հարավային կողմում: Այն մտահղացմամբ և հորինվածքային կերպով անմիջական կապի մեջ է շրջակա շենքների հետ:
Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմավորված գրադարանն է։ Պարբերաբար Մատենադարանին նվիրատվություններ են կատարում Հայաստանի, Սփյուռքի ու արտերկրի գիտնականներ, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտակրթական և հասարակական կառույցներ:
Այստեղ են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների և եկեղեցականների անձնական հավաքածուները (հատվածաբար): Բացի նվիրատվություններից՝ Մատենադարանի տնօրինությունը հետամուտ է գնումների միջոցով անհրաժեշտ գրականություն ձեռք բերելուն:
Մատենադարանի գլխավոր առաքելությունն է մեկտեղել գրքերը, պահպանել խնամքով, հասանելի դարձնել ընթերցողներին: Գրքերն այստեղ պահվում են օդաջերմալուսային և խոնավության ընդունված չափորոշիչների համաձայն:
Շենքային նոր պայմանները, տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով զինված լինելը հնարավորություն են տալիս ինչպես հայ, այնպես էլ արտերկրի գիտնականներին, հոգևորականներին ու պարզապես ընթերցասեր հանրությանն իրենց ուսումնասիրություններն ու աշխատանքները կատարել, օգտվել Մայր Աթոռի Մատենադարանի հարուստ ժառանգությունից, ինչպես նաև կապ հաստատել այլ մատենադարանների, գրադարանների, գրապահոցների և թանգարանների հետ:
Մատենադարանում կազմակերպվում են տեղական ու միջազգային գիտաժողովներ և գիտակրթական տարաբնույթ միջոցառումներ, սեմինարներ ու կլոր սեղան-քննարկումներ և գրքերի շնորհանդեսներ:
Սուրբ Էջմիածնի Մատենադարանը համագործակցում է Հայաստանի և արտերկրի մի շարք մատենադարանների, գրադարանների, հրատարակչությունների, գրատների, մշակութային ու գիտակրթական հաստատությունների հետ:
Տնօրեն՝ Տ. Արարատ քահանա Պողոսյան
Հեռ.՝ +374 (10) 517–291
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ www.etchmiadzinlibrary.am
Մատենադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9։30–17։30-ը: